Ինչպես հայտնի է, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ում «բռնում» հետը համագործակցում է: Վերջինիս այսօրվա «բռնածը» «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հակոբյան Էսթերն է:
Իսկ ինչո՞վ է զբաղվում «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ»-ը: Սա գերմանական մի կազմակերպություն է, որը զբաղվում է մեծահասակների կրթության զարգացմամբ և ցմահ (ցկյանս) ուսումնառության ներդրմանը։ Մի կողմ թողնենք Գերմանիան, քանզի չգիտենք, թե այդ երկրում թվով քանի մեծահասակ է ցանկանում «ցմահ» սովորել: Վերադառնանք Հայաստան` մեր օրեր:
Նախ` ի՞նչ է նշանակում «մեծահասակ»: Քանի՞ տարեկանից են մարդուն «մեծահասակ» անվանում: Բացի դրանից` թվով քանի՞ «մեծահասակ» է սովորում ԵՊՀ-ում և քանի՞սն են պատրաստվում սովորել: Ախր, ԵՊՀ-ում կան ֆակուլտետներ (դրանք քիչ չեն), որտեղ նույնիսկ «փոքրահասակների» դեֆիցիտ կա: Դեֆիցիտը ո՞րն է: Այդ ֆակուլտետներում ուսանողներ գրեթե չկան: Ավելին` անհավանական է, որ Հայաստանի թոշակառու բնակիչները հանկարծ որոշեն քիմիա, Ֆիզիկա կամ աստվածաբանություն ուսումնասիրել: Հետաքրքիրն այն է, որ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ»-ը «մեծահասակներին» կրթելու հավակնություններ է ցուցաբերում նաև Ղրղզստանում, Ուզբեկստանում և Տաջիկստանում, որտեղ կրթվելը երբևէ «նորաձև» չի եղել: Այդ դեպքում, իրականում ինչո՞վ է զբաղվում «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ»-ը: Ենթադրաբար` այն ամենով, ինչով զբաղվում են միջին վիճակագրական «գրանտակերները»` դրամաշնորհ է ստանում և սեմինարներ կազմակերպում: Թե ով կմասնակցի սեմինարին կարևոր չէ: Կարևորը` դահլիճն է և «գալըչկան»: Այդ իմաստով, ԵՊՀ-ն իդեալական «համագործակցող» է:
Մի բան էլ` լավ կլինի ԵՊՀ-ն իր աշխատակիցների ուսումնառությամբ զբաղվի: Եթե կարևորագույն պաշտոն զբաղեցնող համալսարանականը 3-4 էջում 146 հատ ուղղագրական և կետադրական սխալ է կատարում, ապա վերջինիս որևէ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ»-ը չի օգնի:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Հ.Գ.
Հա, ուշադրություն դարձրեք, թե Հ.Հ-ն ինչպես է գրել «համագործակցող» կազմակերպության անվանումը և հետևություններ արեք: